Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը մրցանակի է արժանացել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթում
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, ԳԱԱ «Արվեստի ինստիտուտի» ասպիրանտ Գայանե Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» գիտական աշխատանքների մրցույթում:
Հոկտեմբերի 17-ից 18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային 20-րդ գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված մրցույթին մասնակցում էին երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից: Միջոցառման նպատակն է երիտասարդ գիտնականներին ներգրավել դատական փորձաքննության արդի խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:
Հոկտեմբերի 17-ին մրցույթի եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ մասնակիցներ, որոնց թվում էին նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանը և մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Հովհաննիսյանը, հեռավար ձևաչափով ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները:
Մրցույթի շրջանակներում Ջուլիետա Ղահրամանյանը հանդես է եկել «Նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի գազքրոմատոգրաֆիկ նույնականացումը հրդեհատեխնիկական փորձաքննությունների կատարման ժամանակ» թեմայով զեկույցով, իսկ Գայանե Հովհաննիսյանը՝ «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով զեկույցով:
Գայանե Հովհաննիսյանն իր գիտական աշխատանքում անդրադարձել է դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա:
Հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհավորում է մրցույթում հաջողություններ գրանցած Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումներին մասնակցության և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու անհրաժեշտությունը:
21 October 2024